Գիշեր-ցերեկ կհառաչեմ,
Ա՜խ, օրիորդ, քո սիրուդ,
Սև աչերուդ, վարդ այտերուդ
Զարնվեցա, ի՞նչ օգուտ։
Գիտե՞ս, անգութ, որ պատանին
Չի դիմանար այս ցավուն,
Քեզի համար ալ չի դադրիր
Աչքիս արցունքն օրն ի բուն։
Շատ աղվորներ թեպետ տեսա,
Սիրտս միայն քեզ սիրեց,
Ո՜հ, չեմ գիտեր, թե քո սերդ
Սրտիս մեջ ո՞վ արծարծեց։
Ալ բավական զիս խոցոտիս,
Ահա՛, ոտքդ ընկեր եմ,
Ըսե ինձի բառ մʾերջանիկ,
Թե ես ալ քեզ կսիրեմ։