փակել փակել

Գարուն

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ծայրդ երևում է, սկսել ես գալ,
Արքայության ժառանգ, կյանք տվող գարուն,
Ցանկանում են մանկունք խաղալ ու խնդալ,
Քաղցր նվագներով հանգերգող գարուն։

Ողջ եղանակներուց բարձր ես և վեր,
Ունես անուշիկ բույր, տենչալի պատկեր,
Մեր աշխարհի համար հանգստություն բեր,
Բարի համբավ, բարի լուր բերող գարուն։

Գետերդ հանում են գոռուն ու գոչյուն,
Սիրուն աղբյուրներդ ուրախ կարկաչյուն.
Դու կյանք ես ցանկանում, նա մեռելություն,
Ահռելի ձմռան հետ մաքառող գարուն։

Սնունդի ամբար ես, բարիքներու ծով,
Աշխարհին ուժ տվող ցողաբեր ամպով,
Շունչդ հույսով լի է, սյուքդ աշխուժով,
Եռանդոտ ու շարժուն և հաջող գարուն։

Գոհ կանես դու համայն մարդկային սեռը,
Ցույց տալով ցրտության արևիդ եռը,
Մի քիչ մեղմացնես դաժան ձմեռը,
Հույս ունիմ, որ լինես դու հաղթող, գարուն:

Մարտի տասին ուրախ, զվարթ դուրս կուգաս,
Ամռան հետ դաշնակից եղբայր կդառնաս,
Ժպտադեմ երեսով երբ դու կերևաս,
Շունչ կառնեն քեզանով ջուր ու հող, գարուն։

Թող Ջիվանին մատաղ չինի քո անվան,
Առհավատչյան, ապացույցը զորության,
Մեռածները կենդանություն կստանան,
Փչում ես երկնային սրինգ, փող, գարուն։

1905
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)