Փռվել է գարնան մարմանդ գիշերը,
Մայիսն է դրսում երգում սիրահար,
Իսկ մեր սենյակում պարում են զույգերը,
Ու վալսը հնչում է անվերջ, հնչում անդադար։
Գլուխըդ ուսիս՝ ինձ հետ պարում ես,
Օդում ծածանում ծամերդ ոսկե,
Կարծես հեքիաթում՝ ինձ մեղմ օրորում ես,
Շնչում ու շրշում ականջիս սիրո ջերմ խոսքեր։
Հոգնել ես արդեն, բայց դեռ պարում ես՝
Սիրով-կարոտով փարված իմ կրծքին,
Գիտե՞ս, թե որքա՜ն, որքա՜ն եմ սիրում քեզ,
Սրտիս ու ջահել օրերիս ընկեր կաթոգին։
Որքա՜ն եմ ուզում, որ այս գիշերը
Երբեք ու երբեք վախճան չունենա,
Շողան, ծածանվեն ոսկե գանգուրներդ,
Մեր սերը, իմ լավ, իմ անգին, ջահել միշտ մնա։