Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենազեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Տուր ինձ քու ձեռքդ, եղբայր եմք մեք,
Որ մրրկով էինք զատված,
Բաղդին ամեն ոխ չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Երբ ալևոր մայր Հայաստան
Տեսնե զորդիս յուր քովե-քով,
Սրտին խորունկ վերքն դաժան
Քաղցր արտասվաց բուժին ցողով։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Մեկտեղ լացինք մենք ի հնում․․․
Եկեք դարձյալ հար անբաժան
Խառնենք զարտոսր և զխնտում,
Որ բազմածնունդ ըլլա մեր ջան։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց երկինս հանենք,
Որ կյանք առնին հայոց դաշտեր։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։