Անհուն հավատով, այրող կարոտով, կսպասեմ սիրուս,
Սար ու դար անցա, երգահան դարձա, գովքն ասեմ սիրուս,
Բարձրունքներ ելա, հոգեմաշ եղա, որ հասնեմ սիրուս,
Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է․․․
Ա՜խ, քնանամ, վիշտս մի պահ մոռանամ,
Բլբուլը գա, գարունք երգի` արթնանամ,
Վառ աստղունք երգի, վառ ծաղկունք երգի,
Ա՜խ, իմ յարն ու՞ր է:
Սարն եմ բարձրանում, հույսով սպասում, թե սերս կգա,
Զուլալ ջուր կառնի Կեռինչ աղբյուրից ու ինձ ջուր կտա,
Յարաբ հավքերը, խենթ եղնիկները, չտեսա՞ն նրան,
Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է․․․
Յարս եղնիկ է, շունչը մեղմիկ է սարի զովի պես,
Վարսն` ալիք-ալիք, աչքերը` երկինք մեր Սևանի պես,
Ոսկեհատ է նա, շողակաթ է նա, արծաթ լուսնի պես,
Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է․․․
Գուսան, քո սազը ու սուրբ մուրազը առավ սուր քարին,
Սիրո վշտիդ հետ երգիր առհավետ դու վեհն ու բարին,
Տեսա երազիս իմ յարն է գալիս, մի փունջ վարդ ձեռքին,
Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է․․․
Ա՜խ, քնանամ, վիշտս մի պահ մոռանամ,
Բլբուլը գա, գարունք երգի արթնանամ,
Վառ աստղունք երգի, վառ ծաղկունք երգի,
Ա՜խ, իմ յարն ու՞ր է: