Ապրիս, Համասփյուռ, գովական աղջիկ ես,
Համասփյուռից ազնիվ ու գեղեցիկ ես․
Թեև հասակով փոքր-ինչ պզտիկ ես,
Բայց հաճողիդ իսկ քաղելու ծաղիկ ես,
Խելքով ու դեմքով ահա՛ մեկ հատիկ ես,
Նախշուն կաքավ, զարդարված աղունիկ ես։
Ես մին սոխակ, դու վարդարան ինձ համար,
Կարմիր վարդի ես համանման ինձ համար․
Առիթ կենաց, օր բարության ինձ համար,
Օրը մեկ անգամ տեսարան ինձ համար,
Ես քեզ համար, դու, սիրական ինձ համար,
Էլ ի՞նչ անեմ, հոգի ես, անուշիկ ես։
Թո՛ղ իմ կամքը հայտ լինի քեզ նամակով,
Անծախ սերդ ինձ է տված մուրհակով,
Պայծառ կենացդ արև կարդամ բաժակով,
Ներելի ես Շիրինի մոտ հասակով.
Թող Վաչագանն ինձ չխաբի վիճակով,
Գուրգեն սիրուս մոտ հատուկ Վարսենիկ ես։