Նեղվում է ազգդ չարաչար,
Արի՛, զորավար, որտե՞ղ ես,
Պարսից գնդերը հալածող,
Մեր քաջ բարերար, որտե՞ղ ես։
Մեր տունն ավերակ է դառել,
Ազգդ չար Սուլթանին գերի,
Դու վեհ հերոս Ավարայրի,
Կսպասենք, արի, որտե՞ղ ես։
Դադարեց մեր երգն ու տաղը,
Ավերվեց շենացած թաղը,
Գուցե մեզ էլ մորթեն վաղը,
Փրկություն, արի՛ , որտե՞ղ ես։
Վանքին, ժմամին աղոթելով,
Ծովի չափ արցունք թափելով,
Զուր հույսերով մեզ խաբելով,
Կսպասենք, արի, որտե՞ղ ես։
Սազիս լարն եմ հնչեցնում զուր,
Թիֆիլուն ո՞վ կտա կեռ թուր,
Քաջ զորավար, փրկություն տուր,
Կանչում ենք, արի՛ որտե՞ղ ես։