Դարձիր, հայի բլբուլ, դարձիր Հայաստան,
Օտար երկրում քմքիդ հարմար վարդ չկա.
Ճերմակ վարդը քեզ չի դառնա սիրական,
Սրտիդ մոտիկ կարմիր–կատար վարդ չկա։
Գնա, հայի բլբուլ, քո տեղդ երգե,
Չեն հասկանալ երգդ, այստեղ հարգի չէ.
Փնտրածդ ծաղիկը դրախտում պտրե,
Ցուրտ աշխարհում մշտադալար վարդ չկա։
Սեպտեմբերը եկավ, աշունք է, աշունք,
Թոշնել թառամել են, տխրել են ծաղկունք.
Հարգանք պահանջելու չունիս իրավունք,
Որովհետև քեզ սիրահար վարդ չկա։
Ջիվան, հայի երգը հայի մոտ կանցնի,
Հայ բլբուլը օտար երկրում չի ապրի.
Անտեղի մաշվելով իզուր կմեռնի,
Այս կողմերը նորա համար վարդ չկա։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)