փակել փակել

Սուրբ մայրեր

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Անկարող եմ մոր թախիծը տանել լուռ,
Հուզմունքներն ու խոր կսկիծը տանել լուռ,
Նրա սրտի հևքն ու կանչը տանել լուռ:

Ով սուրբ մայրեր ձեր վիշտն առնեմ տանեմ ո՞ւր,
Մորմոքներն ու հոգսերն առնեմ տանեմ ո՞ւր,
Կարոտներն ու խոհերն առնեմ տանեմ ո՞ւր,

	Տանեմ լուռ,
	Վառվեմ լուռ,
	Հալվեմ լուռ:

Մոր ապտակը հեզ համբույր է ինձ եղել,
Մոր զայրույթը հույս խրատ է ինձ եղել,
Նզովքն անգամ սուրբ օրհնանք է ինձ եղել:

Երբ երազում տեսնում եմ իմ սուրբ մորը,
Տանս շեմին վարդ է բացվում այդ օրը,
Տաղ են բերում հոգուս սոխակն ու լորը:

Աշոտն ասաց, սրբի դուռ է իմ մայրը,
Ջերմացնող կրակ, հուր է իմ մայրը,
Հայրենի տուն, զանգ, մատուռ է իմ մայրը:

Ով սուրբ մայրեր ձեր վիշտն առնեմ տանեմ ո՞ւր,
Մորմոքներն ու հոգսերն առնեմ տանեմ ո՞ւր,
Կարոտներն ու խոհերն առնեմ տանեմ ո՞ւր,

	Տանեմ լուռ,
	Վառվեմ լուռ,
	Հալվեմ լուռ: