Բախտը պակաս, աստղը անլույս հայի նման ցեղ կա՞ էլ,
Նրա կազմըվածքի վրա վերք չունեցած տեղ կա՞ էլ,
Խանձըված է մեր բնիկ աշխարհը անգութ հրդեհից,
Չը ավերված հայի քաղաք, անտեր հայի գեղ կա՞ էլ։
Ով մի ածելի վեր առավ, սափրիչ եղավ մեզ համար,
Մեր ցավերուն բժիշկ դարձավ ամեն անգետ ու հիմար,
Ով ինչ ասավ, հաստատեցինք` գուցե լինի մեզ մի ճար,
Դեղատունը մեր չտեսած, ձեռք չզարկած դեղ կա՞ էլ։
Կարծում էի հայու երջանկության մամը արդեն հասել է,
Խեղճի ձին արագ վազելով` շունչը քիչ պակասել է,
Չգիտեմ յուղն է սպառել, թե մուրը վնասել է,
Հայի ճրագը մռայլ է, մեջը արդյոք եղ կա՞ էլ։
Քու ծառը ծարավ կթողնես, այլոց ջուր կուտաս, Ջիվան,
Օտարին չի կարող սիրել, ով չի սիրել ինքն իրան,
Հայն էլ մարդ է կոսմոպոլիտ, հասիր նրան օգնության,
Սրանից անտանելի, վատ օր և նեղ տեղ կա՞ էլ։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)