Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ,
Հալվում եմ հալվում օտարության մեջ,
Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չկա վերջ:
Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանի վրա առաջս է դրած,
Աչքս ակամա վրան եմ ձգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում:
Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորվում,
Դառն արտասունքով աչքս պղտորում,
Կարծում եմ բոլոր աշխարհն մթնեց,
Արևն էլ խավրեց, էնդուր որ տխրեց:
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կտեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծես՝ երկնային ղալամով քաշած:
Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կրակի էրված, խորոված:
Էլ ե՞րբ կտեսնեմ ես ձեզ ման գալիս.
Բաղ ու բախչայում սեյրան անելիս,
Ինչտեղ ամոթից վարդն էլ է դեղնում,
Երբ որ ձեր կարմիր թշերը տեսնում:
Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թռչում է, թռչում, ամպերում կորչում
Եվ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տեր Աստված, փա՜ռք քեզ է կանչում:
Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չեմ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն ի՞նչ անեմ, մոլորված եմ ես:
Մոլորված եմ ես օտար աշխարքում,
Հավատն էլ օտար, օտար և լեզուն,
Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նման,
Հայոց աղջիկներ, դուք եք աննման:
Ձեր սերն է միայն սրտումս պահած,
Ձեր սիրով եմ միայն ես կենդանի,
Ձեր սերը միայն էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կպահպանի: