Կարկտածեծ արտերը երբ նորից բուսնեն,
Դաշտերը կանաչեն, ծառերը ծաղկեն,
Սարերը, ձորերը ծաղկով պճնվեն,
Գուցե ես հավատամ, թե գարուն է ճիշտ:
Երբ որ ձյունը դադրի, և անձրև տեղա,
Հրճըվի երկինքը, և ամպը գոռա,
Երբ ծարավ երկիրը հագի, կշտանա,
Գուցե ես հավատամ, թե գարուն է ճիշտ:
Երբ որ բարի արեգակը յուր արդար,
Լույսը կը տարածե համահավասար,
Երբ անխտիր կը ծիծաղեն հող ու քար,
Գուցե ես հավատամ, թե գարուն է ճիշտ:
Մարտի տասն է դեռ արագիլը չի գա,
Ավետաբեր սարյակ չի ճռվողա,
Երբ իմ ասածներուս ոչ մեկը չկա,
Դժվար ես հավատամ, թե գարուն է ճիշտ։
1909
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)