փակել փակել

Ես մի քաղցր ձայն լսեցի *

Խոսք: ; Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: ; Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ես մի քաղցր ձայն լսեցի մարտի մեջը, մեծ պասին,
Օգտավետ ու դուրեկան էր նոր նվագը Կավկասին,
Արիք, եղբայրք կավկասեցիք, գնանք մեկտեղ լսելու,
Այդ վերանորոգիչ ձայնովը մենք նորոգվենք միասին։

Երբ փեսան գա տեսնի համերաշխության ջահը,
Հինգ հիմար կույսերի նման չը սիրենք նինջը, մահը,
Ձեռք-ձեռքի տանք, խոհեմ լինենք, հարգենք մեր երկրի շահը,
Մենք ինքներս առիթ չտանք նոր գալիք ջոկ վնասին։

Եկ Ջիվանուս հետ միասին մեկ խորհուրդով ընթանանք,
Բարեպատեհ ժամանակի պարգևից զուրկ չըմնանք,
Սիրենք անկեղծ սիրով իրար, միայն թե խելք ունենանք,
Մեր հոգսերը, մեր ցավերը ինքն իրանց կպակասին։

1905
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)


* Վերնագիրը ավելացված է մեր կողմից, վերցված երգի առաջին տողից։ Ջիվանին ինքը՝ այս երգին վերնագիր չի տվել։