Ի՞նչ ես նստել խաս բաղի մեջ, ջա՛ն աղջիկ,
Բլբուլի հետ ձեն ես բռնել ու երգում,
Կարմիր վարդն ու սիրուն շուշան, հեզ հասմիկ,
Հայիլ-մայիլ փափլիկ ոտքդ են գրկում։
Յա՛ր, մեկ ջուղաբ չտվիր,
Ծարավ ու պապակ թողիր,
Ջիգյարս խորով արիր,
Ի՞նչ մեղք ունիմ, որ դու այդպես
Անգութ դատաստան արիր։
Այդքան շքեղ, այդքան փարթամ կրծքի տակ,
Մի զարմանք է, որ կրակ ու սեր չկա,
Երեսդ լույս, աննման կույս, հրեշտակ,
Անուշ երգեդ ինձ մազաչափ խեր չկա։
Յա՛ր, մեկ ջուղաբ չտվիր,
Ծարավ ու պապակ թողիր,
Ջիգյարս խորով արիր,
Ի՞նչ մեղք ունիմ, որ դու այդպես
Անգութ դատաստան արիր։
Կարելի է դիցուհի ես շողադեմ,
Թուխ ամպերեն թռար իջար էս բաղը,
Քեզ խնդրեցի հազար անդամ չոքաճեմ,
Համբույրի տեղ սրտիս դրիր սև դաղը։
Յա՛ր, մեկ ջուղաբ չտվիր,
Ծարավ ու պապակ թողիր,
Ջիգյարս խորով արիր,
Ի՞նչ մեղք ունիմ, որ դու այդպես
Անգութ դատաստան արիր։
Հազար հարցիս մեկ պատասխան չես տալիս,
Գոնե հանգիստ սիրտս առնեմ հեռանամ,
Ամեն անգամ հուր աչերիդ նայելիս,
Խելակորույս, անմիտ ապուշ կդառնամ։
Յա՛ր, մեկ ջուղաբ չտվիր,
Ծարավ ու պապակ թողիր,
Ջիգյարս խորով արիր,
Ի՞նչ մեղք ունիմ, որ դու այդպես
Անգութ դատաստան արիր։