Բյուլբյուլ քո նման քեզ վերա փափագ չանի վարդըդ,
Սեր վայելելու մի՞թե ժամանակ չունի վարդըդ,
Չէ որ քո անունըդ նորա հետ պատմողը մենք ենք,
Դարձյալ դիտում ենք, որ սիրո մուրհակ չունի վարդըդ։
Քու վարդուհին իմ բախտից անգութ է, ով անճար,
Իմ սիրականիս չափ խնամ անգամ չունի վարդըդ,
Իր ծառը փշալից, հովանին անգամ օձանիստ,
Իր արյունն իրա մեջ իստակ չունի վարդըդ։
Թեպետ մայիսի ծնված է, բայց հունվարա շունչ է,
Ամպով է պատած երբեք արեգակ չունի վարդըդ,
Թե մարթ է սիրել, համասփյուռին սիրե բացարձակ,
Որովհետև, անանցնելի վիճակ չունի վարդըդ։
Տասնմեկ ամիսըդ դու նորան ծախսում ես անշուշտ,
Բայց քո մեկ օրդ գընելու ստակ չունի վարդըդ,
Վարդիցը Շիրին պատմե սոխակին քանի որ կաս,
Եվ կրկնե ասելով թե հեղինակ չունի վարդըդ։