Լեռների մեջ գլուխդ բարձր պահած,
Կանգուն ես դու, իմ հայրենի Ղարաբաղ,
Գետերդ պարզ, ջրերդ ջինջ, զրնգուն,
Ծաղկահանդես հովիտների Ղարաբաղ։
Գյուղերդ շեն, լուսավոր ու մարդաշատ,
Այգիներդ բարձրաստվեր, մրգառատ,
Խաղողի վազ, ծիրան, ընկույզ ու փշատ,
Առատ ունես դու այգիներ, Ղարաբաղ։
Ծաղիկներդ քո կրծքին միշտ անթառամ,
Աղբյուրներդ գուսաններ են քաղցրաձայն,
Անտառներդ՝ հարստությամբ անսահման,
Նոր հանքերդ շատ գովելի, Ղարաբաղ։
Երիտասարդ հերոսներդ բազմաթիվ,
Գեներալներ, օդաչուներ՝ սեգ արծիվ,
Հերոսների հայրենիքն ես դու լրիվ,
Սովետական հզոր դարի Ղարաբաղ։
Բագրատն եմ, եկա քեզի տեսնելու,
Հպարտ տեսքդ ու համբավդ գովելու,
Քո սրտի մեջ աշխատելու, ապրելու,
Հայրենիք ես գուսանների, Ղարաբաղ։